Արմեն Գևորգյանը, որ երկու շաբաթ առաջ հրաժարական տվեց Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնից, դարձել է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հիմնած IDeA (Initiatives for Development of Armenia - «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի նոր ղեկավարը:
«IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախաձեռնություններ Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի համար, որոնք ուղղված են պայմանների ստեղծմանը հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի ապահովման համար: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր իրականացման տարբեր փուլերում, նոր գաղափարներ ու նախագծեր: Վստահ եմ, որ Արմեն Գևորգյանն ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր ծրագրերը հետևողականորեն կյանքի կոչելու համար»՝ ասել է Ռուբեն Վարդանյանը:
«Աշխատելով Հայաստանի կառավարությունում՝ ես համագործակցել եմ Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների հետ «Տաթևի վերածնունդ» ծրագրի, UWC Dilijan College միջազգային դպրոցի կառուցման և բազմաթիվ այլ բարեգործական նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: Այդ ծրագրերը փոխակերպում են Հայաստանը՝ դարձնելով առավել հետաքրքիր արտաքին աշխարհի և ավելի հարմարավետ՝ մեր երկրի քաղաքացիների համար: Ես ընդունել եմ IDeA հիմնադրամը ղեկավարելու առաջարկը, քանի որ այն ինձ թույլ կտա լավագույնս կիրառել գիտելիքներս ու փորձը Հայաստանի զարգացման գործում», - ասել է Արմեն Գևորգյանը: